ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱ ՖՈՒՆԿՑԻՈՆԵՐՆԵՐԸ
Օրերս Հայաստան այցելեց ԱՄՆ-ի պետքարտուղարի նոր ասիստենտ Ֆիլիպ Գորդոնը, որն այդ պաշտոնում փոխարինել էր Դենիել Ֆրիդին: Ֆ. Գորդոնը Բրուկինգսի ինստիտուտի առաջատար փորձագետներից մեկն է, որն ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդում աշխատանքի փորձ ունի` գլոբալ ահաբեկչության և Մերձավոր Արևելքի խնդիրների վերաբերյալ: Նա հեղինակ է տասնյակ հրապարակումների Եվրոպայի, Թուրքիայի, Իրանի, Պակիստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Մերձավոր Արևելքի մասին, ինչպես նաև հրապարակել է հետաքրքիր գիրք` Winning the Right War. The Path to Secunity for America and the World:
2009-ի մայիսին ԱՄՆ-ի Սենատը նրան հաստատեց եվրոպական և եվրասիական գործերով պետքարտուղարի ասիստենտի պաշտոնում: Վերջին տասը տարիներին Ֆ. Գորդոնը մասնակցել է Բրուկինգսի ինստիտուտի կարևորագույն ուսումնասիրություններին, իսկ այդ կառույցն ավանդաբար հանդիսանում է ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության «ուղեղային կենտրոնը» և լուրջ ազդեցություն ունի երկրի քաղաքականության ձևավորման վրա: Ֆ. Գորդոնի հետաքրքրությունների շրջանակը, որպես ուսումնասիրողի, ներառում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության բազմաթիվ ռազմավարական ուղղությունները և յուրաքանչյուր ուղղությամբ նա իրեն դրսևորել է իբրև կոնցեպտուալիստ, ով հետևողականորեն իրագործում է որոշակի քաղաքական գաղափարախոսություն` արտահայտելով ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության որոշիչ դեր ունեցող քաղաքական գործիչների հայացքներն ու առաջնահերթությունները: Ֆ. Գորդոնի մի քանի տասնյակ հրապարակումներն ուսումնասիրելով` կարելի է հանգել եզրակացության, որ նա այդ կուսակցության հետևողական կողմնակիցն է, սակայն, դրանով հանդերձ, չի սահմանափակում իրեն որոշակի սխեմաներով կամ մտածողության շրջանակներով, ձգտում է դատողությունները կառուցել իր պատկերացմամբ` ԱՄՆ-ի ազգային շահերից ելնելով:
Ֆ. Գորդոնի աշխատություններում ընդգծված է ամերիկյան վերնախավի համար ավանդական մոտեցումը Թուրքիայի հետ հարաբերություններում առկա պրոբլեմների առումով: Նա և Թուրքիայի վերաբերյալ ուսումնասիրությունների գծով իր գործընկեր Օմար Թասպինարը փորձում են թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը ներկայացնել իբրև դիվանագիտական սխալների ու թերացումների հետևանք, ինչը, սակայն, կարելի է արագ շտկել` ելնելով տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման նպատակներից: Ֆ. Գորդոնը համարում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների պատմությունն այնքան երկար է ու բովանդակային, որ հաստատված ավանդույթների շարունակումը բարդություն չի ներկայացնում: Նա հատուկ պրոբլեմներ չի տեսնում Թուրքիայի ներքին զարգացումներում` կապված «Արդարություն և զարգացում» կուսակցության գործունեության, ինչպես նաև իսլամամետ տրամադրությունների ուժեղացման հետ: Միաժամանակ կատեգորիկ հերքում է 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, դիտավորյալ նվազեցնում քրդական հարցի նշանակությունը` որպես քաղաքական գործոն, ամեն կերպ պարզունակացնում Կիպրոսի խնդրի կարգավորման հարցը: Դրանից, անշուշտ, չի բխում, թե Ֆ. Գորդոնը բավականաչափ ծանոթ չէ թուրքական թեմային: Նրա աշխատություններում առկա են միանգամայն ճշգրիտ գնահատականներ` տարբեր իրադարձությունների ու փաստերի հետ կապված: Նա շատ լավ տեղյակ է ԱՄՆ-ին իրաքյան պատերազմի նախապատրաստական փուլում օգնություն ցույց տալու հետ կապված Թուրքիայի վայրիվերումներին և, ի վերջո, հրաժարմանը: Սա խոսում է այն մասին, որ Բուշի վարչակազմին մեղադրելու որոշակի նպատակ հետապնդելով, միաժամանակ փորձ է արվում ամրապնդել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության այլ կոնցեպցիա:
Հարկ է նշել, որ Բրուկինգսի ինստիտուտի մեկ այլ առաջատար մասնագետ` Ֆիոնա Հիլլը, ավելի հակված է ընդունելու սկզբունքային և լուրջ հակասությունների առկայությունը թուրք-ամերիկյան հարաբերություններում: Տպավորություն է ստեղծվում, որ Ֆ. Գորդոնը ոչ միայն միտումնավոր է մեկնաբանում թուրք-ամերիկյան հարաբերությունների հիմնական էությունը, այլև փորձում է կառուցել այդ հարաբերությունների «նորացման» կոնցեպցիա, պնդելով, թե առանց Թուրքիայի հետ համագործակցության ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում չի կարող լինել արդյունավետ: Որպես փորձագետ, նա բացարձակապես մերժում է ենթադրությունները, թե ԱՄՆ-ը կարող է շատ հանգիստ քաղաքականություն կառուցել նաև առանց Թուրքիայի:
Նկատելի է, որ Ֆ. Գորդոնի պնդումներում տասը տարիների ընթացքում տեղի է ունեցել որոշակի տրանսֆորմացիա` Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի որոշ խնդիրների հետ կապված: Այդ հանգամանքը, այնուհանդերձ, չի կարելի համարել փորձագետի սկզբունքայնության բացակայություն, այլ խոսում է այն մասին, որ ամերիկյան քաղաքագիտությունն ու վերլուծական միտքը որոշակի ճգնաժամի մեջ են: Հարկ է ընդգծել, որ Ֆ. Գորդոնն աչքի չի ընկել քաղաքական իրադարձությունները կանխատեսելու բավարար ընդունակությամբ: Օրինակ, 2002-ի աշնանը նա բացառում էր, որ Իրաքի դեմ պատերազմն ԱՄՆ-ը կսկսի մոտ ապագայում` պնդելով, թե Վաշինգտոնը դեռ չի ավարտել հակաահաբեկչական գործողությունն Աֆղանստանում, ուր ներգրավված են հետախուզության և հատուկ ստորաբաժանումների հիմնական ուժերը: Ֆ. Գորդոնը համարում էր, որ ԱՄՆ-ին ժամանակ է պետք բարձր ճշգրտության զենքի զինանոցը համալրելու համար, ինչպես նաև պատերազմի դիվանագիտական նախապատրաստման առումով: Հանրագումարում Ֆ. Գորդոնը կարծիք էր հայտնել, որ լավագույն դեպքում Իրաքի ռազմական օպերացիան կսկսվի ոչ ավելի շուտ, քան 2004-ին:
Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ֆ. Գորդոնի հայացքները եվրոպական հիմնախնդիրների և տրանսատլանտյան հարաբերությունների վերաբերյալ: Որպես փորձագետ, նա կոշտ քննադատության էր ենթարկում Նիկոլա Սարկոզիին ու նրա թիմը, քննադատում էր նաև Անգելա Մերկելին` երկուսին էլ համարելով քաղաքական գործիչներ, ովքեր ԱՄՆ-ին և ատլանտիզմի գաղափարներին լոյալություն ցուցաբերելով, իրականում քայքայում են ամերիկա-եվրոպական ռազմավարական համագործակցության հիմքերը: Քննադատվում էր Ֆրանսիայի ու Գերմանիայի քաղաքականությունը գործնականում բոլոր ուղղություններով, այդ թվում` եվրոպական քաղաքականության ձևավորման, ինչպես նաև Ռուսաստանի ու Չինաստանի հետ ֆրանս-գերմանական հարաբերությունները: Հատուկ քննադատություն կար Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի ու Ֆրանսիայի դիրքորոշման հետ կապված` հատկապես Անկարային Եվրամիություն ընդգրկելու առնչությամբ: Թերևս, միակ ուղղությունը, ուր ֆրանս-գերմանական քաղաքականությունը Ֆ. Գորդոնը գնահատում էր դրական, նրանց դիրքորոշումն է Իրանի հետ կապված այն առումով, որ այդ երկու եվրոպական տերությունները միացան այն ֆունկցիոնալ շրջափակմանը, որ երկար տարիներ ձևավորում է ԱՄՆ-ը` Իրանին մեկուսացնելու համար: Ընդ որում, Ֆ. Գորդոնի աշխատություններում հասկանալի չէ այն, թե ինչպես է նա վերաբերվում Բուշի վարչակազմի քաղաքականությանը Եվրամիության, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ հարաբերությունների առումով: Հավանաբար, այստեղ փորձ է արվում կառուցել դեմոկրատական կուսակցության նոր քաղաքականություն եվրոպական ուղղությամբ: Որպես փորձագետ, նա մեղադրում է Եվրոպային այն բանում, որ Թուրքիան Արևմուտքից որոշակիորեն տարաբաժանվել է և դրա արդյունքում ավելի է հակվում դեպի իսլամական առաջնահերթությունները: Ֆ. Գորդոնը պնդում է, որ ԱՄՆ-ի և եվրոպական քաղաքականության մեջ պետք է մի կողմ դնել այն ամենը, ինչը կարող է գրգռել Թուրքիային, հանգեցնել թուրքական ազգայնականության ուժեղացման: Այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչման առումով, ընդ որում` Հայոց ցեղասպանությունը, որպես հասկացություն, մշտապես օգտագործում է չակերտներում: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի կոնգրեսում հայկական լոբբին ձգձգեց Ֆ. Գորդոնի հաստատումը պետքարտուղարի ասիստենտի պաշտոնում այն բանից հետո, երբ նա կոչ արեց զգուշավորություն ցուցաբերել 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն որակելու կապակցությամբ:
Ֆ. Գորդոնը և Օ. Թասպինարը Թուրքիայի ընթացիկ ճգնաժամը բացատրում են ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ Անկարայի ներկա հարաբերություններով: Եվ, իբր, ներկայացնում են իրատեսական ծրագիր, թե ինչպես բարելավել այդ հարաբերությունները` պահելով Թուրքիային արևմտյան ազդեցության ուղեծրում, խոչընդոտելով նրա տեղաշարժը դեպի ավտորիտար կամ ֆունդամենտալիստական կառավարում: Թուրքիայի հետ դրական ու կառուցողական հարաբերությունները երբեք էլ կարևոր չեն եղել Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար: Սահմանափակելով Իրաքին, Իրանին, Սիրիային և Կովկասին, Թուրքիան միաժամանակ որոշակի միջանցքի դեր է կատարում արևմտյան շուկաների և Կասպից ծովի էներգետիկ պաշարների միջև: Կայուն, արևմտամետ կողմնորոշում ունեցող Թուրքիան, Եվրամիությանն անդամակցելու համար կարող էր ապահովել արտահանման զարգացող շուկա, անհրաժեշտ աշխատուժ, դրական ազդեցություն Մերձավոր Արևելքի վրա` դառնալով դաշնակից ահաբեկչության դեմ պայքարում: Ըստ Ֆ. Գորդոնի և Օ. Թասպինարի, նեղացած, անկայուն Թուրքիան աղետ է դառնալու ոչ միայն իր, այլև Արևմուտքի համար: Արևմտյան ազդեցության ուղեծիր Թուրքիայի վերադարձն ապահովելու համար առաջարկվում է վերականգնել Արևմուտքի հետ Անկարայի բարեկամությունը: Հեղինակները պաշտպանում են Թուրքիայի ու քրդերի միջև «մեծ գործարքի» գաղափարը, Թուրքիայում լիբերալիզմի ու ժողովրդավարության ավելի լայն ներդրումը, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի վերականգնումը, Հայաստանի հետ պատմական փոխզիջում հաստատելու գաղափարը և Կիպրոսի խնդրում կարգավորման հասնելու համար նոր ջանքերի ներդրումը: Դիտարկելով Ֆ. Գորդոնի աշխատություններում այդպիսի հետևողականությունը թուրքական թեմայով` կարելի է ենթադրել, որ այդ գաղափարները, ինչպես նաև Բրուկինգսի ինստիտուտի առաջ քաշած մոտեցումներն ունեցել են որոշակի կամ նույնիսկ էական նշանակություն 2009-ի ապրիլին Ստամբուլում Բարաք Օբամայի ելույթի համատեքստում:
Ֆ. Գորդոնն ու Օ. Թասպինարը գործնականում մեղադրում են Բուշի վարչակազմին այն բանում, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը հանգեցրել է քրդական ազգային շարժման հզորացմանը և դարձել Թուրքիայի համար ամենալուրջ սպառնալիքը, ինչն Անկարան չի կարողանում ներել: Փորձագետներն այդ կապակցությամբ առաջարկում են առավելագույնս կասեցնել քրդական հիմնախնդրի արծարծումը, թեկուզ և այդ կապակցությամբ բացահայտ արտահայտություններ իրենց թույլ չեն տալիս: Եվրոպացիներին Թուրքիայի նկատմամբ ոչ ճիշտ քաղաքականության մեջ մեղադրելով` նրանք պնդում են, որ Եվրամիության հետագա զարգացման սկզբունքային պրոբլեմները սահմանափակում են Թուրքիայի հետ երկխոսությունն ու ինտեգրացիան: Ըստ էության, հանուն Թուրքիայի բարեկեցության, փորձագետները ոչ առաջին անգամ առաջարկում են արագ լուծել եվրոպական հիմնախնդիրները, միաժամանակ ժխտելով հանրաքվեների անցկացման նպատակահարմարությունը, որպես որոշումների ընդունման մեթոդ:
Բավական ձանձրալի, ոչ բովանդակային ու կենցաղային են Ֆ. Գորդոնի տեսակետները Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության և կովկասյան ու կենտրոնասիական ուղղություններով Մոսկվայի գործողությունների մասին: Օրինակ, ռուս-վրացական հարաբերությունների, այդ թվում` ոչ վաղեմի պատերազմի հետ կապված, պարզապես կրկնվում են տարբեր հեղինակների թեզիսները: Չի կարելի ասել, որ Ֆ. Գորդոնն իր աշխատանքում մեծ ուշադրություն է դարձրել տարածաշրջանային հակամարտություններին Արևելյան Եվրոպայում: Ավելի շուտ նա նախընտրում է չխորանալ այդ թեմաներով, որոնք վաղուց և միանգամայն հասկանալի են ամերիկյան վերլուծաբանների ու քաղաքական ծրագրավորողների համար: Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության այդ ուղղության հետ կապված` Բրուկինգսի ինստիտուտի փորձագետները չեն հայտնաբերել բավարար նյութեր ու հիմնավորումներ քննադատության համար: Հնարավոր է և այն, որ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունը մտադրություն չունի այդ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ «նոր» մոտեցումներ և հնարքներ գործադրելու: Իրանի և նրա միջուկային ծրագրի վերաբերյալ իր աշխատություններում Ֆ. Գորդոնն անհամեմատ ավելի արմատական է, քան նույնիսկ Բուշի վարչակազմը: Այսինքն` կոչ է անում գործադրել բոլոր, այդ թվում ամենավճռական միջոցները` Իրանին միջուկային ծրագրից հրաժարվել պարտադրելու համար: Գործնականում Ֆ. Գորդոնը միակամ է այն արմատական դիրքորոշմանը, որ առկա է Իսրայելում և ԱՄՆ-ի որոշ քաղաքական շրջանակներում:
Անցած տարվա աշնանը «Ամերիկյան շահ» պարբերականում Ֆ. Գորդոնը հրապարակեց հոդված, որը, հավանաբար, ծրագրային բնույթ ունի, և հնարավոր է, որ արտահայտում էր Բրուկինգսի ինստիտուտի դիրքորոշումն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ապագայի և Բարաք Օբամայի վարչակազմի վերաբերյալ: Այդ հոդվածը միաժամանակ հեղինակին որպես ապագա բարձրաստիճան ֆունկցիոներ ներկայացնելու նպատակ ուներ: Հոդվածում Ֆ. Գորդոնը բառացիորեն հարձակում է գործում Ջորջ Բուշի դեմ` նրա քաղաքականությունը գնահատելով իբրև միարժեք տապալված, ինչը պահանջում է արմատական փոփոխություններ ԱՄՆ-ի ապագա քաղաքականության մեջ: Սակայն պետք է հիշեցնել, որ 2004-ին, Ջորջ Բուշի վերընտրության նախօրեին, Ֆ. Գորդոնը բոլորովին այլ բան էր ասում. «Չնայած այն բանին, որ եվրոպացիների մեծամասնությունն առարկություններ ունի Բուշ-կրտսերի ռազմական ստրատեգիայում` կանխարգելիչ գործողությունների հետ կապված և չի աջակցում նրա վերընտրությանը, նրանք հարկադրված կլինեն համաձայնել Բուշ-կրտսերի հետ, որովհետև ԱՄՆ-ն ու Եվրոպան խորքային առումով մեկը մյուսի պահանջն ունեն և շարունակում են ունենալ ընդհանուր շահեր»: Միաժամանակ նա կասկածի տակ է դնում Ջոն Մակքեյնի դիրքորոշումը, իբրև ոչ կառուցողական քաղաքական գործչի, և համարում, որ հանրապետական կուսակցության քաղաքականությունը շարունակել անհնարին է: Այդ հոդվածը, ըստ էության, կասկածի տեղ չի թողնում, որ Ֆ. Գորդոնը կատարել է կուսակցական, թիմային, այլ ոչ թե փորձագիտական հանձնարարություն, և այդ հրապարակումը, ինչպես ոչ մի այլ նյութ, արտահայտում է նրա դիրքորոշումն ամերիկյան վարչակազմում, որը կարելի է բնութագրել բոլորովին էլ ոչ իր սկզբունքային տեսակետն ունեցող քաղաքական գործչի դիրքորոշում, այլ իբրև կատարող չինովնիկի հայեցակետ:
Անշուշտ, ոչ բոլոր ֆունկցիոներներն են ԱՄՆ-ի պետդեպարտամենտում կարողանում իրագործել իրենց համոզմունքներն ու մոտեցումները: Բայց այդպիսիները, այնուամենայնիվ, կան, և նրանք քիչ չեն: Ըստ որոշ գնահատականների, այդպիսի ֆունկցիոներ կարելի է համարել Իրանի հարցերով վերջերս համակարգող նշանակված, փորձառու դիվանագետ և քաղաքական ծրագրավորող Դենիս Ռոսին: Չնայած իր փորձին, ահռելի էրուդիցիային, փայլուն վերլուծական կարողություններին, սերտ կապերին և դեմոկրատական կուսակցության վերնախավում ունեցած դիրքերին, Ֆ. Գորդոնը հազիվ թե կարող է պետդեպարտամենտում հանդես գալ իբրև քիչ թե շատ ինքնուրույն քաղաքական գործիչ: Նրա նախորդը` Դենիել Ֆրիդը, համարվում էր Բուշի վարչակազմում Եվրոպայի, ամենից առաջ` Արևելյան Եվրոպայի գծով մասնագետ և, անկասկած, ուժեղ անհատ էր, ով կարողացավ իր շեֆի` Քոնդոլիզա Ռայսի, ինչպես նաև ազգային անվտանգության խորհրդի ոչ այնքան հասկանալի դիրեկտիվների պայմաններում իրագործել ամերիկյան քաղաքականությունն Արևելյան Եվրոպայում ու Եվրասիայում: Թեկուզ ոչ անթերի, բայց բավական արդյունավետ, Դ. Ֆրիդն իրագործում էր բավականին հավասարակշռված քաղաքականություն, նկատի ունենալով, որ այս տարածաշրջանն առանձնանում է բարձր կոնֆլիկտայնությամբ, առնչվում է հրթիռային քաղաքականության պրոբլեմներին, էներգակոմունիկացիաներին, Եվրոպայում ու ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ազդեցությունը պահպանելու հիմնախնդրին: Դ. Ֆրիդը չկարողացավ կանխել ռուս-վրացական պատերազմը, կայունացնել ՈՒկրաինան, պահպանել ԱՄՆ-ի կայուն դիրքերը Կենտրոնական Ասիայում: Չլուծվեցին բազմաթիվ խնդիրներ առաջատար եվրոպական պետությունների հետ հարաբերություններում, չկարգավորվեցին Մերձդնեստրում և Հարավային Կովկասում առկա հակամարտությունները: Սակայն դեռ հարց է, թե որքանով էին ձևավորված ԱՄՆ-ի շահերն այդ խնդիրների վերաբերյալ: Դ. Ֆրիդի գործունեությունը համարժեք էր հիմնական խնդիրներին և առաջնահերթություններին, ինչպես նաև հանրապետական կուսակցության այն թիմի գաղափարախոսությանը, որն իրագործում էր ԱՄՆ-ի քաղաքականությունն ութ տարվա ընթացքում: Լավագույնը, ինչ կարող է անել Ֆ. Գորդոնը պետքարտուղարի ասիստենտի պաշտոնում, դա այս կամ այն ձևով Դ. Ֆրիդի քաղաքականությունը շարունակելն է: Ֆ. Գորդոնն արդեն հասցրել է արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, որոնք, նրա կարծիքով, պետք է կարգավորվեն այլ գործընթացներից անկախ: Ըստ նրա, դա առանձին գործընթաց է և չպետք է կապակցվի ոչ մի այլ գործընթացի, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Միաժամանակ դիվանագետը կարծում է, որ այդ հարցը պետք է լուծվի տրամաբանական ժամկետներում, և նորմալ հարաբերությունների հաստատումը Հայաստանի ու Թուրքիայի միջև ձեռնտու է երկու կողմերին էլ: Հասկանալի է, որ Ֆ. Գորդոնը կոնցեպտուալիստ է, բայց դեռ մեծ հարց է, թե այդ պարագայում ինչ կոնցեպցիայի մասին է խոսքը:
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ